National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
20.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
15.03.2024
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել վարկային համաձայնագրերի վավերացման մասին օրենքների նախագծերին
1 / 7

Հայաստանի Հանրապետությունն ու Ասիական զարգացման բանկը ստորագրել են 66,1 մլն եվրո արժողությամբ «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր (լրացուցիչ ֆինանսավորում)» վարկային համաձայնագիրը. այս մասին ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը՝ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 15-ի արտահերթ նիստում ներկայացնելով համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:

Փոխնախարարը նշել է, որ վարկային ծրագիրը սկսվել է 2015 թվականից՝ 107 միլիոն դոլար ընդհանուր բյուջեով, որից 88.5 մլն դոլարը վարկային միջոցներ են, իսկ 18.5 մլն դոլարը՝ պետական համաֆինանսավորումն է: Ծրագրի առանցքային ցուցանիշն առնվազն 46 դպրոցների կառուցումը կամ ամրացումն է եւ շուրջ 22.500 աշակերտի համար անվտանգ կրթական պայմանների ապահովումը: Փոխնախարարը տեղեկացրել է, որ նախատեսված է նաեւ սեյսմիկ շինարարական նորմերի վերանայում: Այն արդեն իրացվել է, եւ ներկայում ՀՀ նորմատիվային բազան համապատասխանում է 9 միավորին. բոլոր նոր շինարարություններն իրականացվում են այդ նորմատիվային բազայի հիման վրա: Զեկուցողի խոսքով նախատեսվում են նաեւ սեյսմակայուն շինարարության ուղեցույցի մշակում, շինարարության բնագավառում աշխատող՝ առնվազն 100 մասնագետի վերապատրաստում եւ այլ գործառույթներ:

Հիմնական զեկուցողը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակում արդեն կառուցվել եւ շահագործման է հանձնվել 16 դպրոց: Ներկայում ընթանում են 20 դպրոցների շինարարական աշխատանքներ, որոնք շահագործման կհանձնվեն մինչեւ 2026 թվականը: 10 դպրոցի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են. վերջնաժամկետը 2027 թվականն է:

Ըստ փոխնախարարի՝  2024 թվականի ընթացքում նախատեսվել է շահագործման հանձնել եւս 7 դպրոց: Բոլոր դպրոցները կկահավորվեն բացառապես նոր, ժամանակակից  գույքով եւ լաբորատորիաներով: Մինչ այժմ իրականացված աշխատանքների արդյունքում ծախսվել է ծրագրին հատկացված ֆինանսական միջոցների շուրջ 80 տոկոսը: Վաչե Տերտերյանը պարզաբանել է, որ 2015 թվականին արված հիմնավորումները փոփոխվել են: Պատճառներից են դպրոցների ամրացման աշխատանքների փոխարեն նոր դպրոցների կառուցումը,  շինանյութերի գների ու փոխարժեքի փոփոխությունները: Արդյունքում՝ 46 դպրոցների կառուցման ծրագիրն ավարտական փուլին հասցնելու համար նախատեսվում է ներգրավել լրացուցիչ ֆինանսավորում՝ 66,1 մլն  եվրոյի չափով:

Պատասխանելով պատգամավոր Նարեկ Գրիգորյանի հարցին՝ փոխնախարարը նշել է, որ ի տարբերություն այլ ծրագրերի՝ վերջինս արդյունքահեն է: Ծախսվող գումարները նախնական պայմանավորվածությամբ կձեւակերպվեն որպես արտոնյալ վարկեր, եթե ծրագրում ներառված 46 դպրոցները կառուցվեն որակով եւ ապահովեն աշակերտների անվտանգ կրթական պայմանները:

Ի պատասխան պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին՝ Վաչե Տերտերյանը նշել է, որ 46 դպրոցի շինարարական աշխատանքները կավարտվեն 2027 թվականին. նախագծման փուլում է 10 դպրոց, իսկ 20-ը՝ շինարարության փուլում:

«Սա միայն դպրոցաշինության ծրագիր չէ, սա նաեւ հանրային անվտանգության եւ հետճգնաժամային կառավարման բաղադրիչ ունի»,- ասել է փոխնախարարը:

Հանձնաժողովը քննարկել է նաեւ ««ՀՀ կառավարության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջեւ 2022 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ռաֆայել Գեւորգյանը:

Ըստ զեկուցողի՝ Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի չափով արտոնյալ վարկ՝ Կենտրոնական բանկի ներքո գործող գերմանա-հայկական հիմնադրամի խողովակով: Վարկը կուղղվի վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացմանը: Մայր գումարի մարման ժամկետը 7 տարի է, իսկ ընդհանուր մարման ժամկետը՝ մինչեւ 2043 թվականն է:

Ծրագրի շրջանակում իրավաբանական անձանց համար սեփական սպառման նպատակով կկառուցվեն մինչեւ 500 մեգավատ հզորությամբ արեւային կայաններ: Մեկ մեգավատ հզորությամբ արեւային  կայաններ կկառուցվեն ինքնավար խմբերի եւ 500 կիլովատ հզորությամբ արեւային կայաններ՝ ֆիզիկական անձանց համար:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված օրենքների նախագծերին:


20.05.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա մայիսի 20-ին՝ ժամը 14:00-ին, 214 սրահում: Ֆինանսավարկային եւ բյուջետային ու Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովները մայիսի 20-ին՝ ժամը 13...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am